Armenian News Network / Groong

 

The Literary Groong

March 9, 2024

 


 

ՓԱՌԱՎՈՐՅԱԼ

 

Երկինքը և երկիրը կապված չեն իրար հետ

Ցնծության ու սուգի դյութական շղթայով։

Արձագանքված սերն է,

Որ ոսկե օղով հանգուցել է

Տիեզերքի անհունությունը

Սփոփանքի պատրանքներով․․․

 

Նրբին մատներով ոսկեծղի,

Հորինել է

Ծաղիկների թերերը,

Ասեղնավոր եզրերով,

Գալարուն կորություններով,

Գեղանի մերկության նրբին ձեվերով,

Եվ հյուսել է այս գույները,

Երկնի կապույտը,

Արեվի շողերը,

Արշալույսի ցոլերը,

Որ համբուրվում են իրար հետ,

Իմ հետ,

Եվ լուսավորում են այգը,

Ծնում են օրավուրը․․․

 

Հազար կույսերից

Ճաճանչների հազար աչքեր

Թարթում են,

Հազար գույներով ու խաղով,

Կյանքի զրնգոցով քաղցրահունչ,

Ձեվերի ու երանգների անեզրությամբ․․․

 

Դաշտերի ու լեռների գունեղ երազը,

Հույսի ժպտուն ոլորտում,

Ցնծության նոր ու պայծառ աստղեր է ծագեցնում,

Սիրո հայացքի լճակներում թաքցրած

Ոսկեփոշին է շաղ տալիս

Կյանքի վրա,

Որ ապրվում է,

Որպես սիրաբանություն անհափրելի։

 

Իմ ցանկությունների անհոգ խուժանը

Խուժում է

Լավամետ նպատակներով,

Ճոխանում է կյանքը

Խանդավառ ճիգով ու եռանդով,

Որ պարգեվ է արարչական,

Վեհ, պանծալի եվ օրհնելի,

Իսպառսպուռ սաղմոսերգված ու փառավոր․․․

 

 

ԳՐԻՇ ԴԱՎԹՅԱՆ


 

Grish Davtyan has published three books of his poetries in Armenian, and one book in English. He is the president of the Armenian Writers Association of California, and founding and former editor of The Literary Groong. https://groong.org/tlg/

Grish Davtyan photo


© Copyright 2024 Armenian News Network/Groong and the author.


Home Administrative | Introduction | Armenian News | Podcasts | Feedback |